2022.12.01 Musica popolare armena

Հայկական ժողովրդական երգեր. «Հրասնուք եմ» երգը

Համագործակցութեամբ Հայաստանի Ռատիօ Մարիամի լրագրող` Արշակ Ադամեանին կը ներկայացնենք հայկական ժողովրդական երգերուն նուիրուած շաբաթական հաղորդաշարը (58)
Ունկնդրէ հաղորդաշարը

Ինչպէս ազգագրագետներն են վկայում, հնագոյն ժամանակներից մինչև 19-րդ դարը Հայաստանում աղջիկների ամուսնութեան տարիք էր համարւում 11-12-ը: Եւ ահա, այս երգի հերոսուհին, ինչպէս երևում է, այսքան փոքր տարիքում ամուսնացող աղջիկ է: Նա խոր թախիծով է բաժանւում հարազատ մորից և հիմա մոլորուել է, թէ նոր տան մէջ ամուսնու ազգականներից ո՞վ կկամենայ լիարժէք կերպով փոխարինել իր մորը, ո՞վ իսկապէս գուրգուրանքով կվերաբերուի իր հետ, կների սխալները և վատ ու կոպիտ վերաբերմունքով չի ստիպի տառապել իր մանուկ հոգուն: Եւ այս դառն մտածմունքից մանկամարդ հարսնացուի աչքերը ողողուել են աղի արտասուքով, որոնք կաթիլ-կաթիլ հոսում են այտերն ի վար: Ու այսպէս, արտասուալից հայեացքը նա դարձնում է այս ու այն կողմ, ամուսնու տանեցիների մէջ արցունքներից մշուշուած աչքերով փնտրում է նրան, ով կարեկցանքով կժպտա իրեն, ինչն էլ կնշանակի, որ նրան կկարողանայ դիմել իբրև մայր:

Ապա, կարծես աղջկայ հարազատ մայրն է խօսում և նրան մաղթում ողջութիւն, օրհնում, որ նրա ձեռքն ու գիրկը նոր տան մէջ լցուեն առատ բարիքով:

Մոր սիրելի ձայնից մանկամարդ հարսնուկը դարձեալ է յուզւում, և արցունքները կրկին թափւում են աչքերից հատիկ-հատիկ, ու ինքը շարունակում է փեսայի հարազատների մէջ փնտռել մեկին, ով նոր տան մէջ մայր կլինի իր համար:

Այս երգը տարածուած է եղել Եդեսիայում և գրի է առել Միհրան Թումաճանը: Ընդգրկուած է նրա «Հայրենի երգ ու բան» գրքի 2-րդ հատորում:

Երգը ներկայացուած է հնագոյն երաժշտութեան «Շարական» անսամպլի կատարմամբ։ Մենակատար՝ Անահիտ Պապայան։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

02/06/2024, 07:56