2022.12.01 Musica popolare armena

Հայկական ժողովրդական երգեր. «Խլբանե» պարերգը

Համագործակցութեամբ Հայաստանի Ռատիօ Մարիամի լրագրող` Արշակ Ադամեանին կը ներկայացնենք հայկական ժողովրդական երգերուն նուիրուած շաբաթական հաղորդաշարը (63)
Ունկնդրէ հաղորդաշարը

Այսօր ներկայացնելու ենք Խնուսի հայութիւնից աւանդուած «Խլբանե» պարերգը։ Այս բառը՝ խլբանե, աւելի յաճախ հանդիպում է «ղալբ» ձևով և նշանակում է խարդախ, անազնիւ: 

Բանն այն է, որ երգի հերոսը չի սիրում աշխատել, ծոյլ է և ամէն պատճառ բերում է, որպէսզի խուսափի անգամ ամենաթեթև աշխատանքից: 

Նա որսի չի կարող գնալ, որովհետև հրացանն անսարք է և չի կրակում, թել մանել չի կարող, որովհետև տատից մնացած թել մանելու սարքը՝ քարմանը փչացել է, հողը վարել նոյնպես չի կարող, որովհետև պապից մնացած գութանն է շարքից դուրս եկել և հնարաւոր չէ դրանով աշխատել. մանաւանդ որ եզներն էլ արձակած են, լծուած չեն: Այդպէս էլ հանդում ու արտում մշակներն այլևս «չեն աշխատում, որովհետև քաղցած են մնացել և մէկը չկայ, որ նրանց շորվա՝ մսով ու բրնձով ապուր տանի», - բողոքում է մեր անազնիւ անբանը:

  Այսպիսով, այս ալարկոտ մարդը ոչ միայն ինքը չի աշխատում, այլեւ անգամ չի օգնում միւսներին, որ գոնէ նրանք աշխատեն և օրուայ կէսն աշխատելուց ուժասպառուած ու քաղցած չմնան: Այս պարերգով հայ մարդը ծաղրում է ծուլութիւնը՝ աշխատաւոր մարդու թշնամուն, ցոյց է տալիս դրա վատ հետևանքները, թէ ինչպէս կարող է նախնիներից ստացած ժառանգութիւնը, կարողութիւնը փչանալ, ժանգոտուել ու դառնալ անպէտք խոտան, եթէ ընկնում է ծոյլ ժառանգի ձեռքը, թէ ինչպէս կարող է մեծերից ստացած տնտեսութիւնը արագ կերպով քայքայուել՝ երկար ժամանակ արժանանալով անխնամ վերաբերմունքի:

 Երգը ներկայացուած է Հայրիկ Մուրադյանի կատարմամբ։

 

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

07/07/2024, 07:33