2022.12.01 Musica popolare armena

Հայկական ժողովրդական երգեր. Վանայ հայութիւնից աւանդուած մի աշխատանքային երգ

Համագործակցութեամբ Հայաստանի Ռատիօ Մարիամի լրագրող` Արշակ Ադամեանին կը ներկայացնենք հայկական ժողովրդական երգերուն նուիրուած շաբաթական հաղորդաշարը (64)
Ունկնդրէ հաղորդաշարը

Այսօր ներկայացնելու ենք Վանայ հայութիւնից աւանդուած մի աշխատանքային երգ, որը կատարել են սանդով հացահատիկ ծեծելիս։ Սանդով աշխատել են ինչպէս կանայք, այնպէս էլ տղամարդիկ։ Այստեղ հանդէս է գալիս երիտասարդ տղան։

Թւում է, թէ երիտասարդ տղան իրենց տան առջև աշխատում է սանդով, հացահատիկ է ծեծում, մէկ էլ յանկարծ մօտակայ մի տնից դուրս է գալիս ու դռան մօտ կանգնում իրենց հարևաններից մէկի աղջիկը, ում ինքը սիրահարուած է: Տղան զմայլուած նայում է աղջկայ գեղիրան կերպարանքին: Նրա մէջքն այնքան բարակ է, որ կարելի է մէկ բռով բռնել՝ ինչպէս դաշոյնի կոթը: Ահա փոքր-ինչ ուժգին քամի է բարձրանում, որի զօրութիւնից աղջիկը մի պահ տատանւում է տեղում և շուռումուռ գալով հարմար կեցուածք ընդունում քամու դէմ: Նրա այդ լռիկ պայքարի շարժումներին հետևելով տղան՝ վիզը ծուռ, շարունակում է հիացած նայել աղջկան՝ իր սիրուց շուարած: Ապա, կարծես, մի պահ սթափւում է և շարունակում սանդ ծեծել ու հետն էլ ձայնակցել՝ խիո խիո, խանե խանե:

Ապա, ինչպէս երևում է, աղջիկը սկսել է անցնել-դառնալ տղայի տեսադաշտում, և վերջինիս թւում է, թէ նա քայլում է մաքու նման նուրբ քայլերով և շորորում է, ինչպէս ձկնիկը՝ լողալիս շարժում է իրանը: Եւ ափսոսանքով տղան մրմնջում է, թէ բախտը չթողեց, որ ինքը պսակուեր իր գեղանի հարևանուհու հետ: Եւ սկսում է երազելով պատկերացնել, թէ ինչպէս հաշտ և սիրով կապրէին իրենք, եթէ ամուսնանային. նա աղջկայ ձեռքն ու ոտքը հինա կդներ (հաւանաբար ուզում է ասել՝ կնոջը նուրբ կպահեր, չէր թողնի, որ դժուար աշխատանքից ձեռքն ու ոտքը չորանային ու դալկանային:

Եւ մինչ տղան այսպէս երազում էր, մէկ էլ յանկարծ սթափուելով, նկատում է, որ աղջիկն աննկատ ինչ-որ տեղ է հեռացել: Շրջակայքի լռութիւնը միայն խախտում է սարից եկող աղբիւրի ջուրը, որ թափւում է մարմար քարից: Տղան նախ, ասես ինքն իրեն կշտամբում է անուշադրութեան համար, ապա, դարձեալ ինքն իր հետ խօսելով՝ խնդրում է առանց այն էլ դարդից տառապող սրտի վէրքն իրար չտալ՝ ինքն իրեն մեղադրելով: Առանց այն էլ՝ ինքն այժմ տառապում է, որ չիմացաւ աղջկայ անհետանալը: Եւ շարունակելով սանդը ծեծել, նա հայեացքով փնտրում է աղջկան, որին վերջապէս նկատում է սարի վրայ՝ աղբիւրի ակունքի մօտ կանգնած: Եւ դա զարմանալի չէ, որ նա այդքան շուտ նկատեց աղջկան. չէ՞ որ նրա փայլը մրցում է արևի հետ:

Երգը ներկայացուած է Հայրիկ Մուրադեանի կատարմամբ։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

14/07/2024, 07:53