Գէորգ եպիսկոպոս Սարոյան. Կաթողիկէ Եկեղեցին, յանձին իր առաջնորդի, չի բաւարարւում միայն Արցախի խնդրի բարձրաձայնմամբ
-Կաթողիկէ Եկեղեցու Արևելեան եկեղեցիների գերատեսչութեան կողմից կազմակերպուած Արևելեան եկեղեցիների օգնութեան բարեսիրական հաստատութիւնների 97-րդ համագումարին, հանդէս գալով զեկոյցով, Դուք անդրադարձել էք Արցախի հարցի քաղաքական կողմին, Արցախից տեղահանուած հայրենակիցների սոցիալական իրավիճակին, հոգևոր-մշակութային ժառանգութեան վիճակին։ Ինչպէ՞ս կգնահատէք Վատիկանի եկեղեցու դիրքորոշումը արցախահայութեան խնդիրներով, արդեօք գործուն քայլեր կարո՞ղ ենք ակնկալել կաթողիկէ եկեղեցուց։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնութեամբ և տնօրինութեամբ և Արևելեան Եկեղեցիների Վերատեսչության Վերատեսուչ Կարդինալ Քլաուտիօ Կուճերոթիի հրաւէրով մասնակցեցինք Կաթողիկ Եկեղեցու Արևելեան եկեղեցիների օգնութեան բարեսիրական հաստատութիւնների 97-րդ համագումարին։ Առիթն օգտագործելով՝ ցանկանում եմ շնորհակալութեան և գնահատանքի խօսք յղել Կարդինալ Կուճերոթիին՝ հրաւէրի և համաժողովի շրջանակներում իր հնչեցրած կարևոր գնահատականների համար[1]։
Գալով Ձեր հարցին, պէտք է նշենք, որ Արցախի շրջափակման օրերին, 2023թ. սեպտեմբերին և դրանից յետոյ Հռոմի Սրբազան Քահանայապետը քանիցս անդրադարձ ունեցել է Արցախի մարդասիրական ճգնաժամի, հայ ռազմագերիների, Արցախից տեղահանուած մեր հայրենակիցների խնդիրներին, ինչպէս նաև Արցախում գտնուող մեր սրբավայրերի կենսական պահպանութեան հարցերին։ Այն իրողութիւնը, որ յիշեալ համաժողովի միջոցով մեզ առիթ տրուեց յատուկ զեկոյց ներկայացնելու Արցախից բռնի տեղահանուածների մասին, կարելի է զարգացում համարել տուեալ ուղղութեամբ։ Սա ցոյց է տալիս, որ Կաթոլիկ Եկեղեցին, յանձին իր առաջնորդի, չի բաւարարւում միայն խնդրի բարձրաձայնմամբ, մեր ցաւը կիսելու եղբայրական յանձնառութեամբ, այլ որոշակի գործնական քայլեր է անում նաև միջազգային հանրութեան ուշադրութիւնը առկայ խնդրի վրայ սևեռելու իմաստով։ Այլ խօսքով՝ այդ ամէնը նպատակ է հետապնդում արցախահայերի սեփական բնօրրանում ապրելու արդար իրաւունքների պաշտպանութեան հարցը միջազգային իրաւունքի դաշտ բերելու։
Քրիստոնեայ էթնիկ հայերի հանդէպ ազգային, կրօնական հողի վրայ Ադրբեջանի վարչակարգի կողմից տասնամեակներ շարունակ ատելութեան խօսքի գեներացումը, պատմական հայրենիքից արցախահայերի բռնի տեղահանութիւնը, այլեւ ինչպէս 44 օրեայ պատերազմի, այնպէս էլ Արցախի վերջնական բռնազաւթումի հետևանքով հոգևոր-մշակութային ժառանգութեան ոչնչացման դէպքերը (քրիստոնէական սրբավայրերի պայթեցումը, հայկական յուշարձանների ու գերեզմանների պղծումը), ոչ այլ ինչ են, քան շարունակութիւնը 1915 թուականի Ցեղասպանութեան։ Այս իմաստով արցախահայերի համար չափազանց կարևոր է, որ պետութիւնները, միջազգային կառոյցները, առաւել ևս եկեղեցիները, խօսեն ճշմարտութեան մասին, քաղաքական գնահատական տան տեղի ունեցածին և հաստատեն, որ Արցախում ապրող քրիստոնեայ հայ ժողովրդի հետ կատարուածն ազգային և կրօնական հիմքով իրագործուած էթնիկ զտում է, մարդկութեան մի հատուածի դէմ գործուած ոճիր, յանցագործութիւն։ Կարճ ասած, աշխարհը պիտի դատապարտի մարդկութեան դէմ գործուած այս չարիքը։
-Արևելեան եկեղեցիների օգնութեան բարեսիրական հաստատութիւնների 97-րդ համագումարի ընթացքում ևս արձանագրուել է, որ արցախցիների հետ տեղի ունեցածը էթնիկ զտում է, սա արձանագրուած է նաև տարբեր միջազգային կազմակերպութիւնների յայտարարութիւններում։ Յայտարարութիւններից այն կողմ՝ արդեօք միջազգային հանրութեան քայլերը համարժէք և բաւարար համարո՞ւմ էք արցախցիների իրաւունքների պաշտպանութեան հարցում։
Այո, համագումարի ընթացքում մեր զեկուցման մէջ յատուկ ընդգծուել է, որ 2020-2023 թթ․ Արցախից բռնի տեղահանուել են շուրջ 150 000 մարդ, ինչպէս արդեն ասացի, քանդուել և աւերուել են եկեղեցիներ, վարչական նշանակութեան շէնքեր, բոլորովին վերջերս Ադրբեջանի կողմից պայթեցուել է Բերձորի եկեղեցին։ Այս ամէնը մարդու և մարդկութեան դէմ իրագործուած չարիք է, որը հարցի լուծման մէկ տարբերակ ունի միայն, ուժի և բռնութեան տարբերակը։
Միջազգային հանրութեան քայլերն ու արձագանքն այդ ամենին դեռևս համարժէք չենք համարում։ Տրուած գնահատականներն ու հրապարակումները մինչ այժմ որևէ ձևով չեն ազդել Ադրբեջանի վարչակարգի վրայ՝ փոխելու իր քաղաքականութիւնը, միջազգային իրաւունքը միանշանակ դեռևս խախտուած է մնում՝ ի դէմս բռնի տեղահանուած արցախցիների, նրանց բռնաբարուած իրաւունքների։
Անշուշտ, ինչպէս արցախահայերը, այնպէս էլ ողջ հայ ժողովուրդը շնորհակալ է բոլոր նրանց, ովքեր բարձրաձայնել են կատարուածի մասին։ Այդ մարդիկ, իրենց կերպարը միշտ հերոսական են մնալու հայ ժողովրդի յիշողութեան մէջ։ Մեր զեկոյցի նպատակներից մեկն էլ այն էր, որ տեղահանուածների խնդիրների վերհանումով ցոյց տրուի, որ յանցագործութիւնը միջազգային իրաւունքի տեսանկիւնից շարունակում է անպատիժ մնալ՝ յանձին Ադրբեջանի հայասպան քաղաքական էլիտայի։ Հետևաբար, քանի դեռ միջազգային հանրութիւնն արժանին չի մատուցել արցախահայութեան դէմ իրականացուած յանցագործութեանը, թոյլ է տալիս, որպէսզի Ադրբեջանի բռնապետական վարչակարգի կողմից քրիստոնեայ, էթնիկ հայերի դէմ գեներացուած ատելութեան և բռնութեան քարոզը շարունակուի։ Միջազգային հանրութիւնը պարտաւոր է խօսել, պայքարել որևէ կրօնական կամ էթնիկ խմբի իրաւունքների համար, որպէսզի դրանք առևտուրի կամ սակարկման առարկայ չդառնան միջազգային գլխաւոր խաղացողների ձեռքում։ Հարցն այսօր վերաբերում է արցախահայութեան իրաւունքներին։
-Արցախցիների՝ վերադարձի իրաւունքի մասին Դուք էլ էք բազմիցս յայտարարել, ըստ Ձեզ ի՞նչ պայմաններով և հանգամանքներում պէտք է այդ վերադարձը կատարուի և այժմ նախադրեալներ ու երաշխիքներ տեսնո՞ւմ էք այդ խնդրի լուծման համար։
Ինչպէս արդեն նշեցինք, նախ անհրաժեշտ է, որպէսզի միջազգային հանրութիւնը ճշգրիտ գնահատական հնչեցնի կատարուածի վերաբերեալ։ Արցախահայերի վերադարձը հնարաւոր է միայն միջազգային երաշխիքների առկայութեան դէպքում, ինչը սակայն բանակցութիւնների բաւական երկար և բարդ աշխատանք է ենթադրում։ Եկեղեցականներս, մշտապէս շփուելով արցախահայ մեր հայրենակիցների հետ, հաստատապէս գիտենք, որ Արցախ վերադարձի ձգտումն ու ցանկութիւնը առկայ են մեր ժողովրդի մօտ, և մենք պէտք է Արցախ վերադառնալու և այնտեղ անվտանգ ապրելու համար գործուն պայքար և աշխատանք տանենք։
Դարձեալ շեշտում եմ, որ արցախահայերի վերադարձի հարցը միջազգային իրաւունքի հարց է, որը, մասնաւորապէս, վերաբերում է մարդու հիմնարար իրաւունքներին և ազատութիւններին, այս պարագային արդեն, արցախցիների՝ սեփական հողում ապրելու արդար իրաւունքին։ Հայութեան ակնկալիքն է նաև, որ սա կարևոր մաս դառնայ Հայաստանի Հանրապետութեան արտաքին պետական քաղաքականութեան։
-Արցախի հոգևոր-մշակութային ժառանգութեան՝ Ադրբեջանի կողմից ոչնչացման մասին գրեթէ ամեն օր ահազանգեր ենք լսում։ Եկեղեցին ի՞նչ գործիքակազմ ունի այս հարցով պայքարելու համար։
2020թ․ 44-օրեա պատերազմից յետոյ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինութեամբ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հիմնուել է Արցախի հոգևոր-մշակութային ժառանգութեան հարցերով գրասենեակ, որի նպատակն է միջազգային հանրութեանը, հասարակական տարբեր կազմակերպութիւններին համապարփակ տեղեկատուութիւն փոխանցել Արցախի հոգևոր-մշակութային ժառանգութեան վերաբերեալ: Գրասենեակը կապեր է հաստատել յուշարձանների պատմութեամբ զբաղուող միջազգային կառոյցների և պետական պատկան մարմինների, ինչպէս նաև միջեկեղեցական կառոյցների և օտար Եկեղեցիների հետ՝ նրանց ուշադրութիւնը հրաւիրելով Արցախի յուշարձանների պահպանութեան կարևորութեան վրայ:
Վերջին օրերին Իսպանիայի Մալագա քաղաքում տեղի է ունեցել Եւրոպական Եկեղեցիների Կոնֆերանսի կողմից կազմակերպուած, մարդու իրաւունքների պաշտպանութեանը նուիրուած «Պաշտամունքի վայրերի և մշակութային ժառանգութեան անվտանգութիւնը, ֆինանսական, քաղաքական և իրաւական պաշտպանութիւնը» խորագիրը կրող ամարային 11-րդ համաժողովը, որին քննարկուել են նաև պատերազմների հետևանքով առաջացած մարտահրաւէրները, այդ թւում նաև փախստականների և բռնի տեղահանուած ժողովուրդների իրաւունքների ու մշակութային ժառանգութեան պաշտպանութիւնը։ Համաժողովի աշխատանքներին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ներկայացրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական յարաբերութիւնների բաժնի տնօրէն Հոգեշնորհ Տ․ Գարեգին վարդապետ Համբարձումեանը՝ հանդէս գալով Ադրբեջանի իշխանութիւնների կողմից Արցախի հոգևոր մշակութային ժառանգութեան ոչնչացման, սրբավայրերի պաշտպանութեան և բռնի տեղահանուած արցախահայութեան հիմնարար իրաւունքների վերականգնման հրատապութեան վերաբերեալ զեկոյցով[2]։
Այս հարցում ևս անհրաժեշտ է, որպէսզի միջազգային կառոյցները և բարեկամ երկրները կարողանան ազդել Ադրբեջանի քաղաքականութեան վրայ՝ թոյլ չտալու համար պատմական, քրիստոնէական սրբավայրերի ոչնչացումը։ Այլ հնարաւորութիւն կամ գործիքակազմ Հայ Եկեղեցին, ցաւօք, չունի։
-Հայ ռազմագերիների ազատ արձակման հետ կապուած հարցեր քննարկւո՞ւմ են եկեղեցական համաժողովների, հանդիպումների ընթացքում, ի՞նչ քայլեր է եկեղեցին ձեռնարկում հայ ռազմագերիների ազատ արձակման հարցը բարձրացնելու և այդ հարցի լուծմանը նպաստելու համար։
Արցախի պատանդառուած ռազմաքաղաքական ղեկավարութեան ու ռազմագերիների ազատ արձակման հարցը Հայ Եկեղեցու ուշադրութեան ներքոյ է հենց առաջին օրերից։ Միջազգային կառոյցների ղեկավարների, դիւանագէտների և քաղաքական տարբեր գործիչների հետ հանդիպումների ընթացքին Վեհափառ Հայրապետի կողմից պարտադիր բարձրացւում են գերիների վերադարձման հարցը, ադրբեջանական բանտերում նրանց իրաւունքների ոտնահարման խնդիրները։ Մայր Աթոռի կողմից բազմաթիւ դիմումներ, խնդրանքներ են կատարուել միջազգային պետական, մարդասիրական, եկեղեցական կառոյցների։ Որոշ արձագանքներ և յայտարարութիւններ հնչել են՝ ի պատասխան Մայր Աթոռի դիմումների։
Պէտք է յիշեցնենք, որ հենց Վեհափառ Հայրապետի դիմումին ի պատասխան՝ Հունգարիայի կառավարութիւնը կարողացել է միջնորդել և Հայաստան վերադարձնել հինգ գերիների։ Այս մասին մանրամասն ներկայացրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին յարաբերութիւնների և արարողակարգի բաժնի տնօրէն Տ. Նաթան արքեպիսկոպոս Յովհաննիսեանը՝ Շողակաթ հեռուստաընկերութեանը տուած հարցազրոյցում[3]։ Այդ ուղղութեամբ Հայ Եկեղեցու գործուն ջանքերը շարունակւում են, և լիայոյս ենք, որ Տիրոջ ողորմութեամբ, յաջողութեամբ պիտի պսակուեն։
Հարցերը՝ Տաթեւ Հարությունյանի
[1] https://www.vaticannews.va/hy/vatican/news/2024-07/hy-gugerotti-artsakh-roaco-chiesa-rmeno-apostolica.html
[2] https://www.armenianchurch.org/hy/news/09-07-2024/11642
[3] https://youtu.be/Dz-2VS9R1FU?si=i34WDyG7sJz-saUq
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ