2024.08.03 Osservatore Romano articoli su Albania Caucasica

Կովկասեան Ալպանիա. Բացայայտումը պէտք չէ խեղաթիւրէ պատմութիւնը. Օսսերվաթորէ Ռոմանօ

«Անցեալ յուլիսի 24-ին այս թերթին մէջ տպագրուեցաւ «Ուղևորութիւն դէպի հին կովկասեան Ալպանիա։ Քրիստոնէութեան ակունքներուն մէջ» խորագրով գիտնական Ռոսելլա Ֆապիանիին յօդուածը։ Այս յօդուածի վերաբերեալ, որ յառաջացուց տարբեր բողոքներ, ստացանք եւ պատրաստակամութեամբ կը հրապարակենք Սուրբ Աթոռի մօտ Հայ Առաքելական Եկեղեցւոյ ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեանի անդրադարձը»։

Վատիկան Նիուզ - Հայկական Բաժանմունք

Անցեալ Յուլիս 24-ին Վատիկանի պաշտօնաթերթ «Osservatore Romano»ի էջերուն վրայ լոյս տեսած էին Ռոսելլա Ֆապիանիի ստորագրութիւնը կրող երկու յօդուածներ, առաջինը` «Ուղևորութիւն դէպի հին կովկասեան Ալպանիա։ Քրիստոնէութեան ակունքներուն մէջ» խորագիրով, իսկ երկրորդը «Դադիվանքը, Գանձասարը եւ Խաթրավանքը ամպերու մէջ», որոնց մէջ հայկական ժառանգութեան ամէնէն կարեւոր յուշարձանները` Դադիվանքը, Գանձասարը եւ Խաթրավանքը կը ներկայացուէին իբրեւ աղուանական ժառանգութիւն, փորձ կատարելով ջնջել հայկական ժառանգութեան հետքերը։

Այս յօդուածին ի պատասխան եւ հերքում, մէկ օգոստոսին, վերոնշեալ թերթին խմբագրութիւնը հրատարակեց Գերաշնորհ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեանի ստորագրութիւնը կրող այլ յօդուած մը` յօդուածի նախաբանին մէջ գրելով հետեւեալը.

«Անցեալ յուլիսի 24-ին այս թերթին մէջ տպագրուեցաւ «Ուղևորութիւն դէպի հին կովկասեան Ալպանիա։ Քրիստոնէութեան ակունքներուն մէջ» խորագրով գիտնական Ռոսելլա Ֆապիանիին յօդուածը։ Այս յօդուածի վերաբերեալ, որ յառաջացուց տարբեր բողոքներ, ստացանք եւ պատրաստակամութեամբ կը հրապարակենք Սուրբ Աթոռի մօտ Հայ Առաքելական Եկեղեցւոյ ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամեանի անդրադարձը»։

Յայտնենք, որ այս հարցի կապակցութեամբ Սուրբ Աթոռի մօտ ՀՀ դեսպան Պորիս Սահակեան հանդիպում ունեցաւ Վատիկանի պաշտօնաթերթի տնօրէն Տիար Անտրէա Մոնտայի հետ անոր հետ քննարկելով պատահածը ու ընդգծելով «մշակութային ժառանգութեան և պաշտամունքի վայրերու ինքնութիւնը, ինչպէս նաև պատմական փաստերը, չի խեղաթիւրելու կարեւորութիւնը» նա մանաւանդ երբ անոնք «անհերքելի են և ճանաչուած միջազգային հանրութեան, այդ թուին՝ գիտական ​​հանրութեան կողմէ»:

Ունկնդրէ լուրը

Կից կը ներկայացնենք Խաժակ արք Պարսամեանի յօդուածի թարգմանութիւնը Արեւելահայերէնով

 

Յուլիսի 24-ին հրապարակուած «Ճամփորդութիւն հին Կովկասեան Ալպանիայում. Դէպի Քրիստոնէութեան արմատները» յօդուածում հեղինակ Ռոսելա Ֆապիանին փորձում է ընթերցողին ծանօթացնել, Արևմուտքում լայնօրէն անտեսուած, արևելեան Կովկասի քրիստոնէութեան ակունքների և նրա մշակութային ժառանգութեան հետ։ Սակայն այդ տեքստում նշմարուող ոգևորուածութեանը չի կարող զոհ գնալ պատմական տեղեկատւութեան ճշգրտութիւնը, որը յօդուածի մի շարք հատուածներում թերի է։ Անցեալի վերարտադրութիւնը առաջին հերթին պահանջում է աղբիւրների և դրանց օգտագործման մեթոդների ճանաչողութիւն և նրանց հանդէպ հաւատարմութիւն, հակառակ դէպքում կարելի է ստանալ պատմութեան խեղաթիւրուած և շեղող պատկեր, նպաստելով թիւրիմացութեանը, յատկապէս այնտեղ, որտեղ դեռ չի ձևաւորուել պատմական փաստերի վերականգնման միասնական մօտեցում։

Մանրամասն պատմական վերլուծութիւն կատարելու փոխարէն, ցանկանում եմ անդրադառնալ միայն յօդուածի որոշ կէտերին։

Օրինակ, զարմացնում է հին Կովկասեան Ալպանիայի աշխարհագրական սահմանումը՝ որպէս տարածք, որն «սփռւում էր լեռներից՝ հիւսիսում, մինչև Արաքս գետը՝ հարաւում, և Կասպից ծովից՝ արևելքում մինչև Վրաստանի (այն ժամանակ Իբերիայի) սահմանները՝ արևմուտքում»։ Առաջին հերթին, անտեսւում է Հայաստանի գոյութիւնը՝ Կովկասի հին թագաւորաբարոյութիւնից մէկը, որի հետ ըստ բոլոր դասական և հայ աղբիւրների՝ սահմանակցում էր Ալպանիան։ Միւս կողմից, Ալպանիայի տարածումը մինչև Արաքս գետ հակասում է այդ նոյն աղբիւրների վկայութիւններին։ Մինչդեռ այս աղբիւրները հաստատում են, որ Ալպանիան տարածւում էր Կուրա գետից դէպի հիւսիս, որտեղ գտնւում էին երկրի քաղաքական և կրօնական կենտրոնը, աղուանական եկեղեցիներից աւանդաբար առաջինը համարուողը և որտեղ յայտնաբերուել են մինչ այսօր յայտնի միակ եօթ աղուանական արձանագրութիւնները։ Միայն Դ-րդ դարի վերջում հարաւային հողերը, որոնք տարածւում էին մինչև Արաքս գետը, միացուեցին Ալպանիայի սկզբնական տարածքին:

Քրիստոնէութեան ներթափանցումը Կովկասում և այդ տարածաշրջանում ձևաւորուած երեք՝ աղուանից, հայ և վրաց ազգային եկեղեցիների միջև յարաբերութիւնները բարդ թեմա է, որը դեռ ամբողջութեամբ պարզուած չէ։ Կովկասեան քրիստոնէութեան ծագումը Ա-ին դարում համարւում է օրինականօրէն ձեռք բերուած աւանդութիւն, որ տարածաշրջանային բոլոր Եկեղեցիները ընդունում են և տեսնում են դրանում իրենց առաքելականութեան հիմնաւորումը։ Նմանապէս, միասնականօրեն ընդունում են քրիստոնէացման գործընթացի երկրորդ փուլը, որը սկսում է Դ դարից, երբ կովկասեան թագաւորութիւնների վերնախաւը դառնում է քրիստոնեայ, և քրիստոնէութիւնը վերածւում է պետական կրօնի։ Այս համատեքստում տարօրինակ է, որ յօդուածի հեղինակը, խօսելով Սինայի աղուանական պալիմփսեստների կարևոր յայտնագործութեան մասին, պնդում է, որ դրանք հաստատում են Կովկասեան Ալպանիայի առաջին եկեղեցիների գոյութիւնը արդեն Ա-ին դարում։

Պալիմփսեստների նշանակալի ներդրումը Աղուանքի պատմութեան և ընդհանրապէս Կովկասի ուսումնասիրութեան մէջ չի վերաբերում քրիստոնէութեան այնտեղ հասնելու ժամկէտին։ Նրանք ապացուցում են, որ հայ աղբիւրները, յատկապէս պատմիչ Կորիւնը իրաւացիօրէն վկայում էին Կովկասում առկայ երեք այբուբենների մասին՝ հայերէն, աղուաներէն և վրացերէն, որոնք ծառայում էին Աստուածաշնչի թարգմանութեանը արդեն Ե դարի սկզբին:

Հայ և Աղուանից եկեղեցիների փոխյարաբերութիւնները դժուար էին արդեն իրենց գոյութեան առաջին դարերից։ Հայ եկեղեցին խորը ազդեցութիւն է ունեցել Աղուանից եկեղեցու վրայ, այնքան որ վերջինս միջնադարում զգալիօրէն հայկականացուած էր։ Այս երևոյթի վերաբերեալ պալիմփսեստները ևս կարող են նոր լուսաբանութիւնների աղբիւր ներկայանալ։ Այս ձեռագրերի խմբագիրներից մէկը՝ Յոստ Գիպերտը, արդարացիօրեն յայտնի է դարձնում, որ երկու պալիմփսեստներից մէկում առկայ «Յովհաննէսի աւետարանի» աղուանական տարբերակը կրում է հայկական տարբերակի ազդեցութիւնը։ Սակայն, այդ յարաբերութիւնների բարդութիւնը անտեսելով, Ռոսելա Ֆապիանին պնդում է, որ Աղուանից եկեղեցու «հայկականացումը» սկսւում է ԺԱ դարի սկիզբներից՝ նշելով 1828 թուականի Թուրքմենչայի պայմանագիրը և 1836 թուականի Նիկոլայ Ա-ի հրամանով Աղուանից եկեղեցու լուծարումը և Հայ եկեղեցուն ենթարկումը։

Եթէ ճիշտ է, ապա ինչպէ՞ս կարելի է բացատրել, որ 1724 թուականին Աղուանից եկեղեցու հաւատացեալների կողմից ռուսաց ցար Պետրոս Ա-ին ուղղուած խնդրագիրը, որտեղ նրանք հայցում էին կայսեր պաշտպանութիւնը, գրուած է հայերէն, և որ այն ժամանակուայ Աղուանից եկեղեցու կաթողիկոս Էսայի Հասան-Ջալալեանը (1702-1728), որն ազնուական ընտանիքից էր և գլխաւորում էր կաթողիկոսութիւնը, գրել էր իր «Պատմութիւն համառօտ Աղուանից երկրի» հայերէն՝ իր գործի սկզբում թուարկելով նախորդ պատմիչներին, այդ թւում «մեր հայ ազգի» պատմիչներին:

Եւ ինչպէ՞ս է, որ Արցախի (այդպէս են հայերն անվանում այդ հողերը) եկեղեցիները, որոնք ենթարկւում էին Աղուանից կաթողիկոսութեան իրաւասութեանը, ունեն միայն հայերէն արձանագրութիւններ, որոնք թուագրւում են առնուազն ԺԱ-ԺԲ դարերով, մինչդեռ աղուանականների հետք չկայ։

Արևելագէտ Յովսէփ Օրպելու ուսումնասիրած շուրջ հազար արձանագրութիւնները, որոնք պատկանում են Աղուանաց եկեղեցուն, և որոնց անդրադառնում է Ռոսելա Ֆապիանին, արդարև բոլորը հայերէն են և կատարուել են այդ եկեղեցու՝ ԺԹ դարի սկզբին Հայ եկեղեցուն ենթարկուելուց մի քանի դար առաջ։

Նման թեմաներով խօսելը, առանց սեփական կարծիքների ծանրութիւնը հաշուի առնելու, էթիկական խնդիր է առաջացնում։ Դա յատկապէս մտահոգիչ է, երբ պատմական հարցերը ներխուժում են իրականութեան մէջ՝ սրելով լարուածութիւնը, պատճառելով հազարաւոր մարդկանց մահը և ստիպելով տասնեակ հազար հայերի լքելու իրենց պատմական հայրենիքը։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

03/08/2024, 11:25