2024.07.04 Trieste: Via Gacomo Ciamician e quartiere armeno

«Սահմաններից այն կողմ» - Լուիճի Ճաքոմօ Չամիչեանը գիտնականը

Թէև Չամիչեանը չապրեց մինչև իր գաղափարների ամբողջական իրականացումը, նրա աշխատանքը երկարատև ազդեցութիւն է ունեցել քիմիայի ոլորտում և դրանից դուրս: Այսօր նա յաճախ նշուում է որպէս վերականգնուող էներգիայի և կայուն քիմիայի առաջամարտիկ: Նրա պատուին է անուանուել Պոլոնիայի համալսարանի Քիմիայի ինստիտուտը, որտեղ նա անցկացրել է իր ակադեմիական կարիերայի մեծ մասը:
Ունկնդրէ հաղորդաշարը

«Անջրդի հողերում արդիւնաբերական համայնքներ կծագեն, որ ծուխ ու ծխնելոյզ չեն ունենայ։ Գործարանների վրայ ապակիէ խողովակների անտառներ կտարածուեն, եւ ամենուր վեր կխոյանան ապակէ շէնքեր, իսկ դրանց ներսում կընթանան ֆոտոքիմիական պրոցեսներ, որոնք մինչ օրս բացառապէս բոյսերի անթափանց գաղտնիքն էին… Եւ երբ հեռու ապագայում քարածխի պաշարները լիովին սպառուեն, քաղաքակրթութիւնը դրանից չի ընկրկի, քանի որ կեանքն ու քաղաքակրթութիւնը կգոյատեւեն այնքան, որքան կփայլի արեւը»:

Լուիճի Չամիչեանը ծնուել է 1857թ.-ի օգոստոսի 27-ին Իտալիայի Թրիեստթէ քաղաքում՝ Յակոբ Չամիչեանի և Քարոլինա Կեցցոյի ընտանիքում: Դպրոցական կրթութիւնն ստացել է թրիեսթէում: Հետագայում Չամիչեանը տեղափոխւում է Վիեննա և ուսանում Վիեննայի համալսարանում և պոլիտեխնիկումում` իրեն նուիրելով քիմիային:

Հետագայ ուսումը շարունակում է Հեսսենի համալսարանում: Աւելի ուշ դառնում է իտալացի բազմավաստակ քիմիկոս Ստանիսլաու Կանիցցարոյի օգնականը: Կանիցցարոյի լաբորատորիայում էլ ծանօթանում և ընկերանում է տաղանդաւոր քիմիկոս Պոլ (Պաոլո) Սիլբերի հետ:

Հետագայում նրանք տեղափոխւում են Պոլոնիայի համալսարան, որտեղ էլ Չամիչեանն ստանում է պրոֆեսորի կոչում: 1880-ականներից մինչ Առաջին համաշխարհային պատերազմը Չամիչեանը և Սիլբերը հրատարակում են նուազագոյնը 378 յոդուած:

Երկու ընկեր միմեանց լրացնում էին թէ´ ունակութիւններով, թէ´ հանճարով: 1921թ.-ին Չամիչեանը ծանր հիւանդանում է, որից յետոյ, չնայած ուսանողների և հարազատների յորդորներին, փորձում է սկսել իր դասախօսութիւնները, սակայն անկարող է լինում շարունակել: 1922թ. Յունուարի 2-ին 65 տարեկան հասակում Չամիչեանը մահանում է:

Չամիչեանի գիտական գործունութիւնը կարելի է բաժանել 5 ոլորտի` սպեկտրոսկոպիա, օրկանական քիմիա, բոյսերի քիմիա, բնական միացութիւններ, օրկանական ֆոտոքիմիա: Սպեկտրոսկոպիայով Չամիչեանն սկսել է զբաղուել դեռ քսանամեակը չբոլորած:

Այդ տարիքում նա կատարել է մի կարևոր յայտնագործութիւն՝ պարբերական համակարգի միևնոյն խմբի տարրերն ունեն ակնյայտ նման առաքման սպեկտորներ:

Բոյսերի քիմիայում նրա գլխաւոր ներդրումն է եղել այն յայտնագործութիւնը, ըստ որի՝ կոֆեինի կամ թեոբրոմինի (շոկոլադի “կոֆեինը”) ազդեցությամբ բույսերի մոտ խթանվում է քլորոֆիլի ակտիվությունը, որը հանգեցնում է օսլայի գերարտադրութեան:

Չամիչեանը համարւում է նաև արևային էներգիայի՝ որպէս այլընտրանքային էներգիայի կիրառման գաղափարի առաջադրողներից մէկը: Նրա ուսումնասիրութիւններն օրկանական ֆոտոքիմիայի բնագաւառում հանգեցրին այն մտքին, որ արևային էներգիան կարելի է օգտագործել որպէս այլընտրանք այն ժամանակ ընդունուած քարածուխին:

Չամիչեանը 9 անգամ առաջադրուել է որպէս Նոպէլեան մրցանակի թեկնածու, սակայն ոչ մի անգամ չի ընտրուել որպէս յաղթող: Նրա մահուանից յետոյ Թրիեսթէ քաղաքի այն փողոցը, որի վրայ գտնուել է իր մօրաքոյրների տունը և որտեղ նա անցկացրել է իր մանկութիւնը, վերակոչուել է Ճաքոմօ Չամիչեանի անունով:

Թէև Չամիչեանը չապրեց մինչև իր գաղափարների ամբողջական իրականացումը, նրա աշխատանքը երկարատև ազդեցութիւն է ունեցել քիմիայի ոլորտում և դրանից դուրս: Այսօր նա յաճախ նշուում է որպէս վերականգնուող էներգիայի և կայուն քիմիայի առաջամարտիկ: Նրա պատուին է անուանուել Պոլոնիայի համալսարանի Քիմիայի ինստիտուտը, որտեղ նա անցկացրել է իր ակադեմիական կարիերայի մեծ մասը:

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

24/09/2024, 08:22