2022.12.01 Musica popolare armena

Հայկական ժողովրդական երգեր .«Դոնի յար» պարերգը

Համագործակցութեամբ Հայաստանի Ռատիօ Մարիամի լրագրող` Արշակ Ադամեանին կը ներկայացնենք հայկական ժողովրդական երգերուն նուիրուած շաբաթական հաղորդաշարը (74)
Ունկնդրէ հաղորդաշարը

Այսօր ներկայացնում ենք հայ ժողովրդական «Դոնի յար» ուրախ պարերգը։

«Տօն» բառով հայերէնի բարբառներում անվանում են երկարաւուն հացերը: Դժուար է ասել, թէ այս երգում ինչ իմաստով է գործածուած բառը. գուցէ ուզում է ասել «հացաբո՞ւյր» յար:

Ինչպէս Շատախի «Մըր տան իտև» պարերգի սկզբում, այստեղ էլ տղան ու աղջիկը նկարագրում են իրենց տներն ու շրջակայքը: Եթէ այն մի երգում նրանց երկուսի տների հետևում կորնկանի արտ էր, ապա այս երգի հերոսների տների հետևում սալորի այգիներ են: Եւ տեղանքն այնքան հարթ է, որ հասած սալորի ծառից ցած ընկնելիս մնում է տեղում, հեռու չի գլորւում: Իսկ համը մի անմահական բան է, որ ով ուտի, էլ չի ծերանայ:

Յաջորդ հատուածում, կարծես, հանդէս է գալիս մէկ ուրիշ զոյգ, որոնց տներն էլ թզենիների պարտէզի մօտ են: Այստեղ, թփերի մէջ, - ասւում է, - մաշւում ու նիհարում են երկու հարսներ: Հաւանաբար նկատի ունի, որ պտուղ հաւաքելիս այդքան տանջւում են: Երգող տղան, որը պատմում է հարսների մասին (հարսնացուների), դիմում է միւսին և յայտնում, որ նրանցից գեղեցիկին ու աշխատասէրին իրեն է ընտրում, միւսն էլ, որ անբան ու ծոյլ է, թող լինի իր ընկերոջը:

Երրորդ տունը երգող աղջկայ ու տղայի տների հետևում առուներ են փորուած, որոնց բոլորը ռեհան է ցանուած: Նրանք արդեն նշանուած են, և տղան պատրաստւում է գնալ և ուզել իր նշանածին, այսինքն՝ հարսանիք անել: Եւ յաջորդ զոյգն է խօսք վերցնում՝ յայտնելով, որ իրենց տների հետևում քառասուն կարաս է դրուած, որոնցում արդեն հասել է գինին: Հաւանաբար նրանց ընտանիքներն էլ են հարսանիքի պատրաստութիւն տեսնում: Եւ տղան աղջկան ասում է, որ ամեն մի կարասի դիմաց մէկ համբոյր պիտի տա իրեն:

Երգը ներկայացուած է «Ակունք» անսամբլի կատարմամբ։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

27/10/2024, 07:50