Հայկական ժողովրդական երգեր. «Հայոց հովիկ» երգը
Այսօր ներկայացնում ենք կոմպոզիտոր Խաչատուր Աւետիսեանի «Հայոց հովիկ» երգը, որի խօսքերի հեղինակն է Լիւդւիգ Դուրեանը։
Այս գեղեցիկ երգը կորուսեալ հայրենիքի կարօտի մասին է: Երգի հերոսը պապենական հողերից գաղթած հայ մարդն է կամ նրա սերունդները, որ պատմական յիշողութեամբ կարօտում է իր նախնիների հողն ու ջուրը, բնութիւնը, հին-հին դարերում կերտուած բնակավայրերը: Հայոց ցեղասպանութեան արդիւնքում բնաջնջուեց հայ ժողովրդի զգալի մասը: Իսկ մի ստուար հատուածն էլ, անցնելով տաժանելի զրկանքներով լի ճանապարհ, իր փրկութիւնը գտաւ օտար երկրներում կամ հայրենիքի մի փոքրիկ հատուածում, որն այն ժամանակ մտնում էր ռուսական կայսրութեան սահմանների մէջ: Եւ այժմ հայ մարդը դիմում է հայոց կորսուած հողերից փչող մեղմ հովիկին՝ զեփիւռին, որն անցել է իր նախնիների տրորած ճամփաներով, շնչել է հայրենի բնութեան սար ու դաշտերի բոյրը, խաղացել այն գետերի ու լճերի ալիքների հետ, որոնցում մի ժամանակ լողում էին ջահել հարսները, լուացք անում, ինչպէս տեսնում ենք «Մշո գեղէն», «Մայրոյ», «Ուստի՞ կու գաս» եւ հազար-հազարաւոր միւս երգերում:
Հայ մարդը դիմում է հովիկին եւ, ինչպէս հայ պանդուխտը՝ կռունկից, նա էլ հովիկից խնդրում է մի լուր հաղորդել իր կորսուած հայրենիքից՝ Վանա ծովից, Սիփան սարից, Մուշից ու Անիից, իսկ միւս անգամ էլ դէպի այնտեղ թռչելիս իրեն էլ տանել ու հասցնել հայրենի եզերքները:
Բայց այս երգում ոչ միայն հայրենիքի կորստեան խորը կսկիծ կայ, այլ նաեւ յոյս, որ այն մի օր կը վերադարձուի իր բնիկ ժողովրդին, օրինական տէրերին: Դա է վկայում կարօտից տառապող հայի հարցը, թh դեռ ինչքա՞ն պիտի իր տունը մնա անտէր ու օտար: Դա նշանակում է, որ նա հայրենի տուն վերադառնալու խորը հաւատ ունի եւ ուզում է միայն իմանալ, թէ դեռ ինչքա՞ն պէտք է համբերի ու դիմանայ կարօտին:
Երգը ներկայացուած է Գիւմրիի պետական նուագախմբի կատարմամբ։ Մենակատար՝ Կարէն Մայիլեան։
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ