Photos of 2023 and the stories behind them

Գեղամ Ստեփանեան ՄԱԿի ամպիոնէն խօսեցաւ գերիներու եւ պատանդներու ազատ արձակման համար միջազգային ճնշումի կարեւորութեան մասին

Տարածաշրջանում նոր ագրեսիաներն ու մարդու իրաւունքների լայնածաւալ խախտումները կանխելու համար պէտք է դադարեցնել Ադրբեջանի ամենաթողութիւնն ու անպատժելիութիւնը: Ադրբեջանը պէտք է պատասխանատուութեան ենթարկուի իր ագրեսիւ եւ յանցաւոր պահուածքի համար, եւ հէնց այս հարցերում է, որ մենք ակնկալում ենք ձեր աջակցութիւնը

Արցախի Մարդու իրաւունքներու պաշտպան Գեղամ Ստեփանեան ՄԱԿի Մարդու իրաւունքներու խորհուրդի շրջանակներուն մէջ Christian Solidarity International-ի կողմէ կազմակերպուած նախաձեռնութեան ուղղած իր խօսքին մէջ վեր առաւ Պաքուի մէջ ապօրինաբար պահուող գերիներու եւ պատանդներու ազատ արձակման նպատակով միջազգային ճնշում գործադրելու կարեւորութիւնը։

Ստորեւ՝ Ստեփանեանի արտասանած խօսքը.

«Նախ ներողութիւն եմ հայցում, որ չկարողացայ անձամբ ներկայ լինել միջոցառմանը եւ շնորհակալութիւն եմ յայտնում Christian Solidarity International-ին այս նախաձեռնութեան եւ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրաւունքների պաշտպանութեան առաջնագծում մշտապէս լինելու համար:

«Ես վստահ եմ, որ իմ գործընկերներն Ադրբեջանում անօրինաբար պահուող հայ ռազմագերիների եւ պատանդերի իրաւունքներին վերաբերող հարցի շուրջ կը ներկայացնեն համապարփակ եւ ամբողջական տեղեկատուութիւն, ուստի ձեր թոյլտուութեամբ, ես կ՛ուզենայի օգտուել այս առիթից եւ խօսել ոչ միայն գերիների մասին, այլ նաեւ Լեռնային Ղարաբաղից ադրբեջանական ագրեսիաների (յարձակումներուն) հետեւանքով բռնի տեղահանուած ժողովրդի իրաւունքների վերաբերող մարտահրաւէրներին:

«9 ամիս Լեռնային Ղարաբաղի ժողովրդին սովամահութեան մատնելուց յետոյ Ադրբէջանը 2023 թուականի Սեպեմբերին յարձակուեց խաղաղ բնակչութեան վրայ, որի հետեւանքով հարիւրաւոր անձինք զոհուեցին, իսկ Արցախի 120 հազար բնիկ ժողովուրդը տեղահանուեց սեփական հայրենիքից:

«Այսօր ես կ՛ուզենայի առանձնացնել չորս հիմնական թեմաներ, որոնք շարունակում են լրջագոյն մարտահրաւէր հանդիսանալ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մարդկային իրաւունքների պաշտպանութեան տեսանկիւնից`

«Առաջինը` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանուած անձանց իրավիճակն է Հայաստանում: Թէեւ Հայաստանի Հանրապետութեան կողմից բռնի տեղահանուածներին տրամադրուել է հումանիտար (մարդասիրական) աջակցութիւն, սակայն հարկ է նշել, որ սահմանափակ ռեսուրսներ (միջոցներ) ունեցող Հայաստանը ի զօրու չէ պատշաճ կերպով հասցէագրելու բռնի տեղահանուածների կարիքները: Դրա պատճառով Հայաստանում ապաստան գտած հազարաւոր բռնի տեղահանուածներ ապրում են չքաւորութեան մէջ` բախուելով սոցիալ (ընկերային)-կենցաղային բազմաթիւ մարտահրաւէրների: Այս հարցում ակնկալում ենք միջազգային հանրութեան գործուն աջակցութիւնը:

«Երկրորդ կարեւորագոյն հարցը Լեռնային Ղարաբաղում հայկական պատմամշակութային ժառանգութեան պահպանութեան հարցն է: Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում իրականացնելուց եւ բնիկ հայ բնակչութեանը բռնի տեղահանելուց յետոյ Ադրբեջանն այժմ էլ ջնջում է հայկական հետքը` աւերելով մեր վանքերը եւ եկեղեցիները, մեր սրբավայրերն ու գերեզմանները: Աւելի՛ն, մենք ամէն օր ականատես ենք լինում, թէ ինչպէս է ադրբեջանական իշխանութիւնը հայերին պատկանող գոյքը իւրացնում, ապօրինաբար այն տրամադրում եւ բնակեցնում ադրբեջանցիներով:

«Երրորդ հարցը, որը մեզ համար կենսական նշանակութիւն ունի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգ եւ արժանապատիւ վերադարձի հարցն է: Ես ամենայն պատասխանատուութեամբ կարող եմ յայտարարել, որ չկայ Լեռնային Ղարաբաղի որեւէ բնակիչ, որը չի ցանկանում վերադառնալ սեփական հայրենիք ու օճախ: Վերադարձի իրաւունքը անօտարելի է եւ ամրագրուած է ՄԱԿի արդարադատութեան միջազգային դատարանի որոշմամբ: Այս առումով, մեր ակնկալիքն այն է, որ վերադարձի հարցը անպայմանօրէն պէտք է դառնայ տարածաշրջանում խաղաղութեան հաստատման վերաբերեալ բանակցութիւնների եւ քննարկումների օրակարգի մաս:

«Եւ ի հարկէ չորրորդ հարցը, որը այսօրուայ մեր միջոցառման հիմնական թեման է, Ադրբեջանում ապօրինաբար պահուող հայ ռազմագերիների եւ պատանդների հարցն է: 2020 թուականի պատերազմից յետոյ Ադրբեջանը գերիների հարցը դարձրել է քաղաքական սակարկման հարց: Այս խիստ հումանիտար (մարդասիրական) բնոյթի հարցը Ադրբեջանը քաղաքականացրել է եւ օգտագործում է որպէս լծակ Հայաստանից նոր զիջումներ պահանջելու համար` կոպտօրէն խախտելով միջազգային մարդասիրական իրաւունքի եւ մարդու իրաւունքների միջազգային իրաւունքի սկզբունքները:

«Ես ուզում եմ ձեզ յիշեցնել Ադրբեջանում գերեվարուած Վագիֆ Խաչատրեանի պատմութիւնը` Արցախի տարեց բնակիչ, որը առեւանգուել է ադրբեջանական իշխանութիւնների կողմից Կարմիր խաչի միջազգային կոմիտէի ձեռքերից: Ուզում եմ յիշեցնել Բաքւում գերեվարուած Դաւիթ Դաւթեանի եւ Գէորգ Սուջեանի պատմութիւնը, քաղաքացիական անձինք, որոնք առեւանգուեցին ադրբեջանցիների կողմից Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնութիւն բերելու ճանապարհին: Ուզում եմ յիշեցնել Բաքւում ապօրինաբար պահուող Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարութեան պատմութիւնը: Եւ նմանատիպ տասնեակ պատմութիւններ: Այսօր Ադրբեջանում անօրինաբար պահուող անձանց պատմութիւնները որքան տարբեր են, այնքան էլ նոյնն են: Նրանք այսօր ենթարկւում են ադրբեջանական բռնապետական իշխանութիւնների կամայականութիւններին բացառապէս հայ լինելու համար:

«Հաշուի առնելով գերիների նկատմամբ ադրբեջանական իշխանութիւնների դաժանութիւնները, որոնք արձանագրուել են նախորդիւ, կարելի է յստակ պատկերացում ունենալ, որ այսօր ադրբեջանական բանտերում պահուող անձանց իրաւունքների պաշտպանութեան որեւէ գործուն մեխանիզմ չկայ, մեզ եւ միջազգային կառոյցների համար բացակայում է անգամ նրանց պահման պայմանների վերաբերեալ օբյեկտիւ (առարկայական) տեղեկութիւններ ունենալու հնարաւորութիւնը:

«Ակնյայտ է նաեւ այն, որ իրաւական ճանապարհով Ադրբեջանում պահուող անձանց ազատ արձակումը իրական արդիւնաւէտութիւն չի ապահովում: Ուստի եւ ակնյայտ է դառնում, որ գերիների եւ պատանդների ազատ արձակման համար խիստ կարեւոր է միջազգային ճնշումը Ադրբեջանի նկատմամբ:

«Յարգելի գործընկերներ,

«Իմ գործընկերների հետ միասին մենք բարձրացնում ենք այս խնդիրները տարբեր հարթակներում, եւ այս ֆորումը յատկապէս կարեւոր է մեր ձայնն լսելի դարձնելու համար: Ցաւօք, աշխարհի ներկայիս անկայունութեան եւ բազմաթիւ մարտահրաւէրների պատճառով մեր մտահոգութիւնները յաճախ չեն լսւում: Այժմ, առաւել քան երբեւէ, մեզ անհրաժեշտ են կազմակերպութիւններ եւ անհատներ, ովքեր հաւատարիմ են մարդու իրաւունքներին եւ պատրաստ` պաշտպանելու այս կարեւոր խնդիրները եւ օգնելու մեզ լսելի լինելու հարցում:

«Տարածաշրջանում նոր ագրեսիաներն ու մարդու իրաւունքների լայնածաւալ խախտումները կանխելու համար պէտք է դադարեցնել Ադրբեջանի ամենաթողութիւնն ու անպատժելիութիւնը: Ադրբեջանը պէտք է պատասխանատուութեան ենթարկուի իր ագրեսիւ եւ յանցաւոր պահուածքի համար, եւ հէնց այս հարցերում է, որ մենք ակնկալում ենք ձեր աջակցութիւնը:

«Եւս մէկ անգամ շնորհակալութիւն այս հնարաւորութեան համար»:

Աղբիւրը` Ասպարէզ

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

05/10/2024, 08:44