Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոս  

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան 93-րդ համագումարին

Հայոց Հայրապետը առանձնակի գոհունակութեամբ ընդգծեց նաև ՀԲԸՄ Հոգաբարձուների խորհրդի ատենապետ տիար Վաչե Մանուկյանի ազգ օգուտ և եկեղեցաշահ բազում իրագործումներն ու մեծ վաստակը և հնմուտ առաջնորդութիւնն ի նպաստ Բարեգործականի առաքելութեան արգասաւորման։

Հոկտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Նիւ Եորքում (ԱՄՆ) մասնակցեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան (ՀԲԸՄ) 93-րդ համագումարին, որի ընթացքում իր հայրական պատգամը փոխանցեց մասնակիցներին:

Նորին Սրբութիւնն իր օրհնութիւնն ու բարձր գնահատանքը բերեց տիար Պերճ Սեդրակեանին, ով տքնաջան աշխատանքով, ազգանուիրումի ոգիով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նկատմամբ սիրով ու հաւատարմութեամբ քսաներկու տարիներ նախանձախնդրութեամբ գործել է իբրև ՀԲԸՄ նախագահ, իսկ այսուհետ պատուոյ նախագահի նոր հանգամանքով պէտք է շարունակի իր նուիրեալ ծառայութիւնը բերել Միությանն ու հայ ժողովրդին։

Հայոց Հայրապետը առանձնակի գոհունակութեամբ ընդգծեց նաև ՀԲԸՄ Հոգաբարձուների խորհրդի ատենապետ տիար Վաչե Մանուկյանի ազգ օգուտ և եկեղեցաշահ բազում իրագործումներն ու մեծ վաստակը և հնմուտ առաջնորդութիւնն ի նպաստ Բարեգործականի առաքելութեան արգասաւորման։

ՀԲԸՄ նախագահութիւնը ստանձնելու առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր շնորհաւորանքներն ու օրհնութիւնը բերեց տիար Սեմ Սիմոնեանին։ Անդրադառնալով նոր սերնդի կրթութեան և տեխնոլոգիական ոլորտի զարգացման գործում տիար Սիմոնեանի նշանակալի աւանդին՝ Նորին Սրբութիւնը վստահութիւն յայտնեց, որ վերջինս նոյն նախանձախնդրութեամբ ու մեծ փորձառութեամբ կղեկավարի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութիւնը, հաւատարիմ Բարեգործականի աւանդներին, նոր ձեռքբերումներով կպայծառացնի նուիրական հաստատութեան դարաւոր բարի համբաւն ու հեղինակութիւնը։

Իր խօսքում Հայոց Հովուապետը, անդրադառնալով ՀԲԸՄ հայրենաշէն և եկեղեցանուէր գործունէութեանը, ի մասնաւորի նշեց․ «Բոլոր ժամանակներում, յատկապես մեր ժողովրդի համար ծանր և փոթորկալի իրավիճակներում, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութւնը, համաձայն Միութըան հիմնադիրների տեսիլքի, իր կարելիութիւններն ի սպաս է դրել ազգիս կարիքաւոր զաւակների հոգածութեան ու խնամքի համար։ Միութիւնը հայութեան ու հայրենեաց կեանքի անհրաժեշտութիւններից ելնելով հետագային առանձնակիօրէն հետամուտ է եղել գիտական, կրթական, մշակութային, առողջապահական ոլորտների զարգացմանը, Սփիւռք-Հայաստան կապերի սերտացմանը և մեր ժողովրդի ինքնութեան պահպանմանը»։

Ամենայն Հայոց Հայրապետն ընդգծեց, որ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութիւնը մեծ ներդրում է բերել հայրենիքի առաջընթացին, թէ՛ խորհրդային տարիներին և թէ անկախ պետականութեան վերահաստատումից յետոյ, ինչպէս նաև գովարժան ծրագրեր իրականացրել յանուն Հայաստանի և Արցախի Հանրապետութիւնների շենացման ու զօրացման։

«Վերջին շրջանի աղետալի իրադարձութիւնների պայմաններում Միութիւնը կարևոր աջակցութիւն է ցուցաբերել Արցախից բռնի տեղահանուած հայորդիներին։ Գնահատանքով ենք արձանագրում, որ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բազում նախաձեռնութիւններ ևս իրականացւում են Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան աջակցութեան, նրա անդամների սիրայօժար յանձնառութիւնների շնորհիւ»,-նշեց Նորին Սրբութիւնը՝ յաւելելով, որ Միութեան սատարումով Հայաստանում գործող Հայորդեաց տներում հազարաւոր երեխաներ բացայայտում են իրենց ունակութիւններն ու շնորհները, կրթւում և դաստիարակւում ազգասէր ու հայրենանուէր ոգիով։

Նորին Սրբութիւնը մտահոգութեամբ անդրադարձաւ նաև հայ ժողովրդի առջև ծառացած անվտանգային մարտահրաւէրներին․ «Նման կացութեան մէջ մտահոգիչ են ազգային կեանքում տիրող անհամերաշխութիւնն ու պառակտուածութիււնը, որոնք խոչընդոտ են հանդիսանում ի նպաստ հայրենիքի համազգային ներուժի համախմբման, Հայաստան-սփիւռք յարաբերութիւնների բնականոն զարգացման, առկայ լրջագոյն հիմնախնդիրների դիմագրաւման և ազգային ինքնութեան պահպանման համար, առաջնահերթութիւններ, որ մշտապէս եղել են Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեան գործունէութեան առանցքում»։

Այս առնչութեամբ Վեհափառ Հայրապետը վստահութիւն յայտնեց, որ Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութիւնը պիտի շարունակի ջանքեր գործադրել առկայ մարտահրաւէրների յաղթահարման ուղղութեամբ՝ օգտակար ծառայութիւններ մատուցելով աշխարհասփիւռ մեր ժողովրդին ու հայրենիքին։

Վերջում Հայոց Հովուապետը «Պահպանիչ» աղօթքով օրհնեց Միութեան Հոգաբարձուների խորհրդի և կենտրոնական վարչութեան անդամներին, համաժողովի մասնակիցներին ու ներկաներին՝ մաղթելով Բարձրեալի զօրակցութիւնը Հայկական Բարեգործական Ընդհանուր Միութեանն իր պատուական առաքելութեան և օրհնեալ ծառայութեան ճանապարհին։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

16/10/2024, 08:40