2024.11.04 Edward P. Djerejian – diplomatico

«Սահմաններից այն կողմ» - Էտուարտ Ճէրէճեան` դիւանագէտը

Ճէրէճեանի ներգրաւուածութիւնն աշխարհի ամենաանհանգիստ մասերից մէկի հակամարտութեան կարգաւորման մէջ նրան առանձնայատուկ պատկերացում, նաեւ՝ առանձնայատուկ իրաւունք է տալիս անդրադառնալու այսօրեայ Հայաստանի խնդիրներին: Ճէրէճեանը համոզուած է, որ Հայաստանի համար ճիշտ ժամանակն է գտնելու նոր ներքին ու արտաքին քաղաքականութեան ռազմավարութիւն՝ յաջողութեան հասնելու համար:  
Ունկնդրէ հաղորդաշարը

«Որտե՞ղ են մանտելաները,- հարցնում է Էտուարտ Ճէրէճեան,- ես ոչ մի Նելսոն Մանտելա չեմ տեսնում Թուրքիայում։ Ես չեմ տեսնում ոչ մի Նելսոն Մանտելա Ադրբեջանում։ Ես չեմ տեսնում ոչ մի Նելսոն Մանտելա Հայաստանում։ Մենք նրա նման մէկի կարիքն ունենք։ Հայաստանի համար մեծագոյն մարտահրաւէրն այժմ հարեւանների հետ հաշտութեան գալն է»։ Եթէ որեւէ մէկը կարող է նման հարցադրում անել՝ Ճէրէճեան է։
 

Ան ծնուել է Նիու Եորքում 1939 թուականին, հայ գաղթական ծնողների ընտանիքում, նրա կարիերան տևական է՝ մի քանի տասնամեակ, որոնց ընթացքում նա առանցքային պաշտօններ է զբաղեցրել ինչպէս հանրապետական, այնպէս էլ դեմոկրատական ​​վարչակազմերում: Նրա աշխատանքը ազդեցութիւն է ունեցել ԱՄՆ-Մերձաւոր Արևելք յարաբերութիւնների վրայ, և նա մեծ յարգանք է վայելում տարածաշրջանի բարդ քաղաքական և մշակութային դինամիքայի խորը ըմբռնման համար։

Արեւմտեան Հայաստանում իր ընտանիքի հետ տեղի ունեցած փորձութիւնների պատճառով նա անցաւ դիւանագիտական ծառայութեան այն տարիքում, երբ իր տարեկիցների մեծ մասը դեռ փորձում էր հասկանալ՝ ով է եւ ինչ մասնագիտական ուղի  է ուզում անցնել. «Ես դեռեւս Նիու Եորքի միջնակարգ դպրոցներից մէկում էի սովորում, երբ ցեղասպանութեան մասին պատմութիւններ էի լսում իմ ծնողներից։

Սկսեցի մտածել. ինչո՞ւ փրկուեցի, ինչո՞ւ եմ ես այստեղ, երբ այդքան մեծ թիւով ուրիշներ մահացան։

Ես զգում էի, որ պէտք է ինչ-որ կերպ պատուեմ այն մարդկանց, ովքեր ինձ պէս հաջող բախտ չունեցան, ինչպէս նաեւ վարձահատոյց լինեմ Միացեալ Նահանգներին՝ փառահեղ երկրին, որը քաղաքական ապաստան տրամադրեց իմ ծնողներին»։ 

Ճէրէճեան ծառայել է ԱՄՆ ութ նախագահների վարչակազմերում, այդ թւում՝ որպէս դեսպան Իսրայէլում: Այնուամենայնիւ, հենց Դամասկոսում իր պաշտօնավարումն էր, որ նա յատկապէս տանջալից փորձառութիւն է համարում: Քանի որ հենց Հալէպում էր՝ Սիրիայի հիւսիսում, որտեղ իր հայրը՝ Պետրոսը, մազապուրծ եղաւ մահից: Օսմանեան թուրքերը նրա ծնողներին էլ սպանեցին, ու Պետրոսը միայնակ ստիպուած էր այլ հայերի հետ միասին իրենց հայրենի Հաճըն գիւղից (ներկայումս՝ Սաիմբեյլի, Թուրքիայի հարաւում) քայլել դէպի Դեր-Զոր՝ Սիրիայի անապատ:  

Երբ արտաքսուածների այդ խումբը հասաւ Հալէպ, Պետրոսին յաջողուեց փախչել ու ապահով ապաստան գտնել Սիրիայում բնակուող արաբական մի ընտանիքում, որը նրան ձիապան դարձրեց՝ նրանց ձիերն էր խնամում:  

Արաբական այս ընտանիքում աշխատելիս Պետրոսն իմանում է, որ երկու հայ աղջկայ, ովքեր գաղթի ճանապարհին որբացել էին, տարել են թուրք սպայի տուն՝ հարեմի մաս դարձնելու նպատակով: Պետրոսն այնքան է բորբոքւում բարկութիւնից, որ ինքնակամ ձի է հեծնում ու ճամփայ ընկնում՝ այդ աղջիկներին փրկելու: Նա կարողանում է վերջիններիս տեղափոխել ու տալ Հալէպի հայկական եկեղեցու ապահով խնամքին:

Պատմութիւնը կարող էր հենց այդտեղ էլ աւարտուել, սակայն երկու աղջիկները Մասաչուսեթս նահանգի Վուսթեր քաղաքում աւագ եղբայր ունէին, որն Ամերիկայի քաղաքացի էր դարձել: Նա կարողանում է երկուսին էլ տեղափոխել Միացեալ Նահանգներ, որտեղ էլ նրանք պատմում են, թէ ինչպէս Պետրոսը փրկեց նրանց:

Այն նախաինտերնետային օրերին այդ աղջիկների եղբայրն ինչ-որ կերպ փնտրում է Պետրոսին, գտնում նրան Ստամբուլի «Ռոբերտ» քոլեջում եւ կազմակերպում նրա արտագաղթն ԱՄՆ:

Մի մարդ, ում անունն անյայտ է Ջերեջյաններին, օգնեց Պետրոսին բնակութիւն հաստատել Մասաչուսեթս նահանգում (Ուոթերթաունում, ապա՝ Վուսթեր քաղաքում), որտեղ էլ նա մթերային խանութ բացեց:

Ճէրէճեանի ծնողները դասական ներգաղթեալներ էին, ովքեր ջանք չէին խնայում իրենց զաւակներին աւելի բարեկեցիկ կեանք պարգեւելու համար. «Իմ ծնողները ցանկանում էին ինձ եւ եղբօրս տալ այն հնարաւորութիւնները, որոնք անձամբ երբեւէ չէին ունեցել: Նրանք օգնեցին ինձ ստանալ լաւագոյն կրթութիւնը, որն իրենց կարող էին թոյլ տալ, եւ ինձ խրախուսում էին, որպէսզի ինչ-որ բան ինձնից ներկայացնեմ, որ յաջողութեան հասնեմ»:

Նա է ղեկավարում «Բեյքեր» ինստիտուտը (Baker Institute)՝ համալսարանին առընթեր աշխարհի իններորդ ամենաազդեցիկ վերլուծական կենտրոնը, որի գործունութիւնը կենտրոնացած է էներգետիկ քաղաքականութեան, առողջապահութեան, կենսաբանական գիտութիւնների, Մերձաւոր Արեւելքի քաղաքականութեան, Մեքսիկայի եւ հարկային ու բիւջետային քաղաքականութեան վրայ:

Սիրիայում աշխատելու տարիներին Ճէրէճեան յաջողւում է սերտ մասնագիտական յարաբերութիւններ հաստատել երկրի այն ժամանակուայ առաջնորդ Հաֆեզ ալ-Ասադի հետ նաեւ իր ընտանիքի ցաւալի փորձառութեան շնորհիւ: Երբ Է Ճէրէճեանը, որպէս ԱՄՆ նորանշանակ դեսպան, իր հաւատարմագրերն է յանձնելիս լինում, պատմում է Ասադին, որ ծնուել է Միացեալ Նահանգներում իր հօր՝ Սիրիայում երկու աղջիկների փրկութեան սխրանքի արդիւնքում:

«Եթէ որեւէ մէկն այն հայ տղային, որը ցեղասպանութեան հետեւանքով նոր էր կորցրել իր ծնողներին, այն ժամանակ ասեր, որ մի օր իր որդին վերադառնալու է Դամասկոս՝ որպէս ԱՄՆ դեսպան, նա կասեր՝ «Դուք խելագարուել էք»: Բայց դա տեղի ունեցաւ։

Ճէրէճեանի ներգրաւուածութիւնն աշխարհի ամենաանհանգիստ մասերից մէկի հակամարտութեան կարգաւորման մէջ նրան առանձնայատուկ պատկերացում, նաեւ՝ առանձնայատուկ իրաւունք է տալիս անդրադառնալու այսօրեայ Հայաստանի խնդիրներին: «Հաւատացած եմ, որ մեզ համար կարեւոր է ու անհրաժեշտ ցեղասպանութեան զոհի կարգավիճակից անցնել ու կենտրոնանալ ապագայի վրայ՝ հայկական մշակոյթի, հայ ազգի ու հայ ժողովրդի ապագայի, որտեղ էլ որ նրանք գտնուեն», - ասում է նա:  Ճէրէճեանը համոզուած է, որ Հայաստանի համար ճիշտ ժամանակն է գտնելու նոր ներքին ու արտաքին քաղաքականութեան ռազմավարութիւն՝ յաջողութեան հասնելու համար:  

«Լաւագոյն ժառանգութիւնը, որը մենք կարող ենք թողնել այն մարդկանց, ովքեր զոհուեցին ցեղասպանութեան ընթացքում, լրջօրէն աշխատելն է յանուն բարեկեցիկ, ապահով, խաղաղ Հայաստանի: Որպէս սփիւռք՝ մենք պարտաւոր ենք անել մեզանից կախուած ամէն հնարաւոր բան, որպէսզի օգնենք Հայաստանին դառնալ կայուն ու գործ ունենալ վտանգաւոր եւ մեկուսացնող հարեւանութեան հետ:

Ինչպէ՞ս կարելի է դրան հասնել. Հայաստանը չի կարող բարգաւաճել առանց Թուրքիայի հետ յարաբերութիւնները կարգաւորելու, - վստահ է Ճէրէճեանը -առաջին քայլը սահմանի բացումն է եւ Թուրքիայի հետ տնտեսական, առեւտրային կապերի վերականգնումը»: 

Նրա կարծիքով՝ սա միայն Հայաստանի շահերից չէ բխում. հաշտեցումը գրաւիչ է նաեւ Թուրքիայի համար. «Հայաստանը կարեւոր գործօն է` որպէս քրիստոնեայ ազգ, եւ Թուրքիայի վրայ դրական ազդեցութիւն կունենայ քրիստոնեայ ազգի հետ խաղաղութիւն հաստատելը: Դա կօժանդակի նրանց՝ Եւրոպական միութեան անդամակցութեան նկրտումներին: Հայաստանն ինքնին ռազմավարական սպառնալիք չէ՝ այն չափազանց փոքր է: Սակայն ցեղասպանութեան պատճառով այն մշակութային ու գաղափարախօսական սպառնալիք է, որի հանդէպ թուրքերն այդքան զգայուն են»:  

Ճէրէճեանը վստահ է, որ հակամարտութեան կարգաւորումը կենսական նշանակութիւն ունի, քանի` որ առանց խաղաղութեան ու անվտանգութեան Հայաստանը չի կարողանայ բարգաւաճել. «Հետեւաբար, Հայաստանի կառավարութիւնը պատասխանատու է այնպիսի դիւանագէտների ու քաղաքական գործիչների հաւաքագրման եւ նախապատրաստման համար, ովքեր տեսլական ունեն, թէ ինչպէս Հայաստանը դարձնել բարգաւաճ ու անվտանգ պետութիւն»:

«Սա հենց այն է, ինչով այս պահին պէտք է զբաղուի հայ համայնքը: Այսպիսով, հարց է ծագում՝  որտե՞ղ են մանտելաները: Սա է հայերի համար մեծագոյն մարտահրաւէրը հիմա»,- պնդում է յայտնիդիւանագէտը:

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

05/11/2024, 08:00