2022.12.01 Musica popolare armena

Հայկական ժողովրդական երգեր. Սանդի երգը

Համագործակցութեամբ Հայաստանի Ռատիօ Մարիամի լրագրող` Արշակ Ադամեանին կը ներկայացնենք հայկական ժողովրդական երգերուն նուիրուած շաբաթական հաղորդաշարը (79)
Ունկնդրէ հաղորդաշարը

Այսօր ներկայացնում ենք աշխատանքային մի երգ, որը կատարուել է սանդով աշխատելու ընթացքում և մեզ է հասել Կոմիտասի գրառմամբ և մշակմամբ։

Կոմիտասն այս երգի վերնագրի կողքին նշել է ձաւարածեծ: Սանդով ծեծել են ձաւարը և թեփազերծել: Ավելի վաղ շրջանում սանդով նաև աղ են մանրել և որոշ ծառերի փայտ, որոնք օգտագործուել են որպէս ներկատու: Ի՞նչ տեսք ունէր սանդը. այն կլոր փոսով քար էր, հիմնականում՝ որձաքար և ունէր վարսանդ, այսինքն քարից կամ փայտից պատրաստուած թակիչ:

Փոսի մէջ լցրել են հացահատիկը և թակիչով խփել այնքան, մինչև թեփն անջատուել է հատիկից: Սանդերը եղել են տարբեր չափերի՝ փոքր և մինչև 6 քիլոկրամ տարողութեամբ: Դրանք դրուել են բակերում, կամ բաց սրահներում, յաճախ՝ ջրաղացների մոտ՝ համայնական օգտագործման համար: Մարդիկ պարկերով, ջվալներով բերել են իրենց հացահատիկը ջրաղացի մօտ, սանդով թեփազերծել և աղացել: Բազմաթիւ փոքր սանդեր յայտնաբերել են Հայաստանի շատ հնավայրերում՝ Շենգավիթում, Գառնիում, որոնք վերագրւում են նոր քարի դարին: Սանդը լայնօրէն օգտագործուել է մինչև 1950-ական թուականները, իսկ հիմա, երբ արդեն ձաւարն արտադրւում է գործարաններում, շատ հազուադէպ են գործածում:

Եւ ահա, սանդով աշխատելիս հայ ժողովուրդը կատարել է բազմաթիւ սանդերգեր, որոնցից մէկը սա է: Նրանում, գեղջուկը, դիմելով սանդին, ասում է՝ Վարե, վարե լըման: «Վարե»՝ պէտք է հասկանալ թեփը հացահատիկից անջատելու գործողութիւնը, իսկ «լըման» նշանակում է ամբողջը, լրիւ: Ապա ասում է «Վարե հայու նման», այսինքն ինչպէս ինքը՝ հայ մարդն է հողը վարել, ցանել, բերքն աճեցրել, այդպէս էլ ցանկանում է, որ սանդը կատարի իր աշխատանքը: Տողերից մէկում ասւում է ՝ «Հազար բարի բաժնէ վերէն»: Սա էլ այն տեսարանն է, որ թակիչով վերևից խփել են սանդի փոսի մէջ լցուած հացահատիկին ու մաղթւում է, որ բարով թեփը բաժանուի, զատուի հատիկից: Երգի ռիթմն էլ առաջացել է թակիչի զարկերից:

Ռոբերտ Աթայանն այս երգի մասին նշում է, որ բնագրերը կան միայն Պոլսում աշխատած տարիների տետրերում և մշակման մի քանի տարբերակներով: Մեղեդին երեք ինքնուրոյն երգերի միացում է, որոնցից ամեն մէկը պատկերում է ձաւար ծեծելու ամեն մի դրուագը և ըստ այնմ տեմպը գնալով արագանում է: Աթայանը մէջբերում է նաև Կոմիտասի աշակերտ Վարդան Սարգսյանի խօսքերը.

«Մեր սովորածը կբաղկանար երկու մասէ, առաջինը, (այսինքն սկզբից մինչև «Հազար բարի» խօսքերը), ծանրաշուք ու լայնաշունչ, իգական ձայներուն տրուած, ուր սանդի հարուածները շեշտուած են ի մասնաւորի արական ձայներուն կողմէ: Երկրորդ մասը աշխոյժ և առոյգ, որուն մէջ իգական թէ արական բոլոր ձայները միահամուռ կզօրացնեն սանդին մէջ տրուած հարուածները, սակաւ արագացո՛ղ ընթացքով և կրկնելով անփոփոխ նոյն բառերը՝ Վարէ հա, վարէ հա, հըմ հա»:

Երգը ներկայացուած է Երևանի պետական կամերային երգչախմբի կատարմամբ։ Խմբավար՝ Հարութիւն Թոփիկեաան։

Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ

01/12/2024, 07:49