Հայկական ժողովրդական երգեր .«Գորանի» պարերգի տարբերակը
Այսօր ձեր ունկնդրութեանը ներկայացնելու եմ «Գորանի» պարերգի մի տարբերակ, որն աւանդուել է Տարօնի հայութիւնից։ «Գորանի»-ներն առհասարակ, երգուել են երաշտի կամ բնական աղէտների ժամանակ, ինչպէս նաեւ պատերազմների ու անգամ թագաւորի կամ իշխանի մահուան դէպքում՝ Բարձրեալից խնդրելով գութ եւ ողորմութիւն։
«Գորանու» այս տարբերակի թեման սէրն է, եարի հանդէպ կարոտը և կորստեան վախը: Երիտասարդը՝ տղայ կամ աղջիկ, արտայայտում է իր սրտի ցաւը՝ յիշելով միասին անցկացրած գեղեցիկ օրերը՝ հայրենի բնակավայրում, որտեղ ծնուել, ձևաւորել էր իրենց սերը: Երգի մի հատուածից էլ իմանում ենք, որ երգողը տարիքով բաւականին փոքր է եղել իր սիրելիից, և հասարակութիւնը չի ընդունել նրանց մտերմութիւնը:
Երգը ներկայացուած է գերմանական «Aquabella» երգեցիկ խմբի կատարմամբ, որի անդամներն ապրում են Բեռլինում, Բրեմենում և Ամստերդամում: Հետաքրքրուած լինելով աշխարհի տարբեր լեզուներով ու մշակոյթներով, Aquabella-յի երաժիշտներն իրենց երկար և խորամուխ որոնումների արդիւնքում ձեռք են բերել բազմազանութեամբ յագեցած ա կապելլա ոճի երաժշտական մի ինքնուրոյն ու գեղեցիկ հնչողութիւն: Խումբը խտացնում է հեռաւոր եզերքների ու անցած ժամանակների հոգեցունց ու յուզական ձայները: Aquabella-յի հինգ երգչուհիները համերգային շրջագայութիւնների ընթացքում ժամանակակից հայեացքով են ներկայացնում պատմական ժամանակներից մեզ հասած տարբեր ժողովրդական երգերը: Նրանք, ասես շշնջալով, երգում են համամարդկային մեծ երազանքների մասին, նաև ներկայացնում այն ժողովուրդների պատմութիւնները, որոնք ապրում են ձեր հարևանութեամբ կամ աշխարհի ծայրին:
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ