Հայկական ժողովրդական երգեր. Սուրբ Ծնունդին նուիրուած ժողովրդական երգերէն «աւետիսներ» երգը
Այսօր ներկայացնում ենք Սուրբ Ծննդեանը նուիրուած ժողովրդական երգերից մէկը, որոնք յայտնի են «աւետիսներ» կամ «ալէլուիաներ» ընդհանուր անուամբ:
Պատմական Հայաստանի բոլոր ազգագրական շրջաններում 12-14 տարեկան պատանիները (հիմնականում տղաները) Սուրբ Ծննդեան տօնին նախորդող երեկոյեան շրջում էին բակից բակ, աւետիսներ երգելով փառաբանում էին Յիսուսի ծնունդը և երդիկներից մինչև գօտին կախուելով կախ էին տալիս տոպրակ, քթոց, դդում, փայտի պուտուկ, գուլպա, մի խօսքով՝ ինչ հնարաւոր էր, և նուէրներ էին պահանջում։ Տանտէրերը պարտաւոր էին դրանք լցնել չոր մրգերով, միաժամանակ դնելով նաև գաթայ, հաւ, ձու և այլ ուտելիքներ։ Քաղաքներում երբեմն նուիրաբերում էին նաև մանրադրամ։ Աւետիսների կատարման ընթացքում, որպէս կանոն, երգողները ճշտում էին տուեալ ընտանիքի ամենափոքրիկ ժառանգի անունը, ապա գովերգում և լաւագոյն ցանկութիւններ մաղթում նրան: Այնուհետև հաւաքած բարիքով խմբի պատանիներն ուրախութեան սեղան էին բացում, որին կարող էին մասնակցել միայն տուեալ խմբի անդամները:
առաջինից մինչև վերջին տողը հնչում են բազմաթիւ բարեմաղթանքներ. ձեր սնտուկներ լեցուին հացով, այսինքն այս նոր տարում ձեր ընտանիքի անդամների աշխատանքն այնքան արդիւնաւոր լինի, որ բերք ու բարիքով լցուեն կերակրի արկղերը. հաց ասելով հասկանանք ուտելիք առհասարակ: Յաջորդ տողով պատանիները մաղթում են, որ այդ տան ոչխարների հոտը այնքան մեծանայ, որ դրանք արօտավայրից տուն վերադառնան ջոկեր կազմած: Այնուհետև մաղթում են, որ գինու կարասները երբեք չդատարկուեն, այլ բերնեբերան լցուած լինեն գինով: Ուշադրութիւն դարձնենք այն հանգամանքին, որ հայերի համար վաղնջական ժամանակներից առատութեան և բարեկեցութեան խորհրդանիշ են եղել հացն ու գինին, որոնք նաև Հայաստանի պահապան աստուածների պաշտամունքային ծիսական կարևոր բարիքն են եղել: Որ հացն ու գինին կարևոր նշանակութիւն են ունեցել մեր կենցաղում, վկայում է նաև «Սասնա ծռեր» էպոսի մէջ բազմիցս հանդիպող երդման խօսքը՝ Հացն ու գինին, Տէր կենդանին:
Անցնենք առաջ. Ձեր խորոզներ կանչեն ձէնով. այսինքն ընտանիքի տնտեսական բարեկեցութեան կարևոր մասը կազմող թռչունները՝ հաւերն ու աքլորները միշտ թող առողջ լինեն և բակում շրջելիս ու քուջուջ անելիս առողջ ու զիլ ձայնով կանչեն. չէ՞ որ նրանք մարդուն տալիս են միս, հաւկիթ, որ նաև շինարարութեան մէջ էր օգտագործւում, փետուր, որով բարձ էին կարում: Յաջորդ խօսքով մաղթւում է, որ տան այն անդամները, որոնք պանդխտութեան են գնացել կամ մէկ այլ նպատակով հեռու են հայրենի տնից, անփորձանք ու բարով վերադառնան հարազատների գիրկը: Թող նաև տան ամանեղենը դադար չունենայ, մշտապէս օգտագործուեն, ինչը դարձեալ կեանքի յարատևութեան նշան է, և թող օրօրոցը երբեք չդադարի, այսինքն միշտ մանկան ճիչ լսվի տանը՝ ապահովելով տոհմի շարունակութիւնը:
Եւ վերջին տողով ասւում է՝ Ծառ խնկենի, արմաւենի, աւետիս: Դեռ պալեոլիթի ժամանակաշրջանից գոյութիւն ունի աշխարհը ծառի տեսքով պատկերելու արքետիպը: Այստեղից էլ ծագում է ծառերի պաշտամունքը, որ տարածուած է տարբեր մշակոյթներում:
Հայաստանում, այլ ծառերից բացի, պաշտամունքային մեծ նշանակութիւն ունէր սօսին, որի անտառ էր տնկուել դեռևս Երվանդունիների թագաւորութեան ժամանակ Արմաւիր քաղաքի մերձակայքում:
Նոր կտակարանում չկայ որևէ ծառի՝ որպէս Սուրբ ծնունդի խորհրդանիշի մասին յիշատակութիւն: Սակայն նկարագրուած է Քրիստոսի մուտքը Երուսաղեմ, որտեղ ժողովուրդը նրան դիմաւորում է փիւնիկեան արմաւենու ճիւղերը ձեռքերին (Յովհ. 12:12): Արմաւենին հնում համարուել է յաղթանակի խորհրդանիշ, իսկ քրիստոնէութեան ընդունումից յետոյ խորհրդանշում է յաղթանակն ընդդէմ մահուան: Իսկ խունկը խիստ կարևոր է եկեղեցական ծէսերի ու յատկապէս պատարագի արարողութեան ժամանակ:
Երգը ներկայացուած է «Հայրիկ Մուրատեան» մանկական երգչախմբի կատարմամբ։
Շնորհակալութիւն յօդուածը ընթերցելուն համար։ Եթէ կը փափաքիս թարմ լուրեր ստանալ կը հրաւիրենք բաժանորդագրուիլ մեր լրաթերթին` սեղմելով այստեղ